Կամ` վիճակը նետված է: Սա այն պահն է, երբ որոշումը կայացված է, բայց քայլն արված չէ, քայլը, որից հետո կարելի է ազդարարել` Ռուբիկոնն անցանք: Արտահայտությունը Հուլիոս Կեսարից է անցել մարդկությանը, որ բացի «Եկա, տեսա, հաղթեցի» ասելուց` նաև ասում էր «Ոչ մի հաղթանակ այնքան չի տալիս, որքան մեկ պարտությունն է տանում»: Գայ Հուլիոս Կեսարը գիտեր հաղթել և պարտվեց մեկ անգամ` երբ սպանվեց Սենատում ու հռչակվեց աստված: Զենքն ու օրենքները չեն համակերպվում իրար հետ:
Ժամանակի վազքը վկայում է` դու չգիտես ինչ է նշանակում շուտ, դու գիտես ինչ է նշանակում ուշ: Ժամանակն ու տեղատվությունը երբեք չեն սպասում: Ժամանակը բացում է գաղտնիքները և գաղտնիք է դարձնում բացահայտը: Երբ Քիլոնը Եզոպոսին հարցրել է` ինչո՞վ է զբաղված Զևսը, ստացել է պատասխանը. «Բարձրը ցածր է դարձնում, ցածրը` բարձր»: Եվ դա աստվածների հիմնական զբաղմունքն է:
Դառնանք մարդկանց: Այսօր նոյեմբերի 24-ն է: Alea jacta est` վիճակը նետված է: Բրյուսելում Հայաստանը ստորագրում է (կամ` չի ստորագրում) ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը: Անմեղության կանխավարկածով` ընդունենք, որ երկրորդ փորձից Ռուբիկոնն անցնում ենք, և համաձայնագիրը ներկայացվել է ԱԺ` վավերացման: Եվ ուրեմն` Երևան, Բաղրամյան 19:
Նիստերի օվալաձև դահլիճը լեփ-լեցուն է: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զարմացած արձանագրում է, որ ընդամենը մեկ պատգամավոր է բացակա` այն էլ հարգելի, հույժ կարևոր գործուղման մեջ է: ԱԺ քարտուղարությունը սխալմամբ նիստը սկսվելուց 2 րոպե հետո հնչեցնում է օրհներգը: Քարտուղարության պետը հետո կարդարանա, որ տեխնիկան հին է, ամեն ինչի մեղավորը կորեացիներն են, որ տրամադրել են մարդու կառավարմանը ոչ միշտ ենթարկվող տեխնիկական միջոցներ: Պատգամավորները հուզված ոտքի են կանգնում ու ձեռքները սրտին դրած` երգում են իրենց հայրենիքի հիմնը, հետո իրար են հարցնում, թե ինչու ոտքի ելան և ինչու հնչեց հիմնը: Մինչ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փորձում է հիմնի ձայնագրությունը հնչեցնելու պատճառը պարզել, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը բարձրաձայնում է իր տեսակետը. «ՈՒրեմն, էս ամեն ինչը սխալմունք էր, ընկերներ, Ծառուկյանը, դաշինքը, ուրեմն, սրա հետ կապ չուներ: Հետո ինչ, որ մենք էլ կանգնեցինք ու երգեցինք: Մեզ խաբեցին, ընկերներ, մենք մեղավոր չենք»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան առարկում է. «Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը չի կարող սխալմունք լինել: ՀՀԿ-ն ինչպես միշտ ստանձնում է պատասխանատվությունը: Սա պատահականություն էր: Ես, իբրև պատմաբան, հաստատում եմ, որ պատահականությունը փիլիսոփայական կատեգորիա է: Աշխարհում պատահական ոչինչ չկա: Շարունակում ենք նիստը»: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը սառը ժպտում է` նա գիտի կատարվածի պատճառն ու հետևանքները, բայց ինչու՞ ասի: Ամեն կին իր հաջողության գաղտնիքներն ունի: Կասի, երբ պետք լինի: ՀՀ նախագահի ներկայացրած համաձայնագրի վավերացման հարցը ԱԺ-ի քննարկմանը հանձնելու պատիվը ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանինն է, բայց նա ԼՂ հարցով հերթական բանակցությունների մեջ է և ԱԺ ամբիոն է բարձրանում շատ նախկին պատգամավոր, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա հուզված է: Ամբիոնին է դասավորում թղթերը ու սկսում է կարդալ համաձայնագրի անունը, հիմնավորումը, հետո ընդհատում է ու ասում. «Հարգելի գործընկերներ, կար ժամանակ, ես էլ էի այս դահլիճում օրերս անցկացնում: Ճիշտ է` այն օրերին բազկաթոռներն այսքան փափուկ չէին, կոմֆորտ չկար, համակարգիչները հին էին, մի ժամ շարիկ էիր գլորում, կախվում էին: Բայց բոլորս էլ գիտեինք, որ կյանքը փոխվելու է, որ մենք վերադառնալու ենք տուն` Եվրոպա: Ես հիմա խոսում եմ իբրև նախկին ԱԺՄ-ական, մենք հավատում էինք այս օրվան, ու ինչպես դասականն է ասել` գնացքից թռչելու ժամանակն է: Իհարկե, մեզ կասեն նաև, որ ևս մեկ դասական խոսել է լրջանալու պահի մասին:
Համաձայն եմ: Ժամանակակից աշխարհում աչալուրջ պետք է լինես, որ քո հաջողությունները քո դեմ չուղղվեն»:
Շավարշ Քոչարյանն ուղղում է ակնոցը ու սպասում պատգամավորների հարցերին: Հերթագրում: Արա Բաբլոյանի ակնոցն ընկնում է` հերթագրվել են նիստին ներկա 102 պատգամավորները: Նա նորից է կանչում քատուղարության պետին ու հարցնում, թե ինչ է կատարվում տեխնիկայի հետ, ինքը, օրինակ, Շավարշ Քոչարյանին հարց չունի:
Քարտուղարության պետը խոստանում է ընդմիջումին ստուգել տեխնիկան ու ասում է հերթապահ ֆրազը` «Մեղավորը կորեացիներն են: Որ ասում էինք` եվրոպական տեխնիկա բերեք, էժանի հետևից գնացիք` էս պիտի լիներ հետևանքը»: Վերջին նախադասությունը նա ասում է մտքում, բայց պատրաստ է բարձրաձայն կրկնել, եթե պետք լինի:
Նորից են հերթագրվում: Պարզվում է` ԱԳ փոխնախարարին հարցեր չկան: Ձայնը տրվում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին` հանձնաժողովի կարծիքը ներկայացնելու: Նա բոլորովին հուզված չէ, բժշկի սառնասրտությամբ մոտենում է ամբիոնին ու կարդում պաշտոնական մի քանի տողը` պատրաստակամություն հայտնելով պատասխանել հարցերին: Արա Բաբլոյանն արդեն տեխնիկական խոտանից վախեցած` առաջարկում է ձեռք բարձրացնեն նրանք, որ ուզում են հարցեր տալ: Աշոտյանին միայն մեկ հարց է ուղղվում: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում է, թե ինչու հանձնաժողովի նիստը 3 ժամ ուշացումով կայացավ: Աշոտյանը պատասխանում է. «Տիկին Զոհրաբյան, Դուք գիտեք, իբրև եվրոպաներում եղած մարդ` չեք կարող չիմանալ, որ ժամային գոտիների տարբերություններ կան, մենք համապատասխանեցրինք Երևանի ժամանակը Բրյուսելի ժամանակի հետ: Ընդամենը, ինտրիգներ մի փնտրեք»: Արա Բաբլոյանը առաջարկում է ձեռք բարձրացնել ելույթների համար: Հանդիսավոր լռության մեջ օդ է բարձրանում մի քանի ձեռք միայն, չհաշված «Ելք» խմբակցության բոլոր անդամներին: «Ելքի» համերաշխ ձեռքերը տեսնելով` մի քանի ձեռք է ավելացնում «Ծառուկյան» դաշինքը: Ընդմիջում:
Ընդմիջումից հետո կիսադատարկ դահլիճում միայն նրանք են, որ հերթագրվել են ելույթների համար: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասում է, որ ընդմիջումին տեխնիկան ստուգվել է, թերությունը վերացվել և այլևս նախնադարյան մեթոդներով չեն աշխատելու: Առաջինը ելույթ ունեցող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անմիջապես ուղղում է ԱԺ նախագահին. «Պարոն Բաբլոյան, ումից-ումից, ձեզնից չէինք սպասում, որ նախնադարյան ժամանակներին բան կասեք: Ինչպես հայտնի է, Հայաստանի տարածքում միայն նախնադարում է ժողովրդավարություն եղել: Մնացած ժամանակներում իմիտացիա է: Բայց այսօր ես ոչ թե ուզում եմ ելույթ ունենալ, այլ ուզում եմ լսել, թե ինչ են ասելու այս դահլիճում նստած իմ այն գործընկերները, որ դեռ երեկ հավատարմության երդումներ էին տալիս մոսկվաներին, որ ի լուր աշխարհի սարսափ էին տարածում` հարայ-հնդոց, միասեռական ենք դառնալու (անունները չտամ), բա դուք ի՞նչ եք անելու, ընտանիքը քայքայվելու է, այլասերվելու ենք, կորչենք-գնանք: Բա ես հիմա ձեզ եմ ուզում լսել, իմ հարգելի դաշնակցական ընկերներ, բա ինչու՞ չեք հերթագրվում, բա ինչու՞ ծպտուն չեք հանում, էդ եվրոպաներում սոցիալիստներ էլ կան իշխանության մեջ, գոնե նրանց համար մի դրական բան ասեք: Կարող ա՞ հիմա էլի կոալիցիայից դուրս գաք: Հատկապես ձեզ եմ ուզում լսել, պարոն Գեղամյան, հիմա ի՞նչ եք անելու ձեր երկերի ժողովածուն, թարգմանելու եք անգլերեն ու ֆրանսերե՞ն, բա փողն ո՞վ ա տալու»: Նիկոլ Փաշինյանի խոսափողն անջատում են` ժամանակը սպառված է: Արտակ Զեյնալյանը խոսում է ՀՀ-ԵՄ օրենսդրական դաշտի համարժեքության ստեղծման անհրաժեշտության մասին և հիշեցնում է. «Այսօր մեզ պատիվ է վիճակվել վավերացնել մի համաձայնագիր, որով աշխատանքը նոր միայն սկսվում է: Փորձը ցույց է տալիս, որ օրենքներն ու համաձայնագրերն ընդունելը ոչինչ չեն նշանակում, եթե չկա կյանքի կոչելու քաղաքական կամք: «Ելքը» այդ կամքն ունի և ուզում ենք հավատալ, որ այս հարցում մենք խորհրդարանում փոքրամասնություն չենք»:
Մանե Թանդիլյանը իր խոսքը սկսում է Էդմոն Մարուքյանից մեջբերումով (նա, ինչպես ամբողջ նստաշրջանի ընթացքում, պարզվում է` միակ բացական է, որ օդում ինքնաթիռից ինքնաթիռ է անցնում` անվերջ գործուղումների մեջ մաշելով մանդատը), հետո անկապ անցնում է Եվրանեսթի նիստերին, մի մեջբերում էլ Արմեն Աշոտյանից է անում ու ասում, որ սկսվում է Լուսավոր Հայաստանի ժամանակը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասում է, որ Հայաստանում միշտ էլ ժամանակները լուսավոր են: Մանե Թանդիլյանը հընթացս պատասխանում է` ՀՀԿ-ի համար` այո:
Հաջորդ ելույթը Վահե Էնֆիաջյանն է ունենում: Նա սկսում է պատմական ակնարկով, թե ով էր Գագիկ Ծառուկյանը և ինչ էր անում նախքան համաձայնագիրը և ինչ է անելու հետայսու «Ծառուկյան» դաշինքը. «ՈՒ թող ոչ ոք մեզ չվախեցնի կոռուպցիայի դեմ պայքարով, մենք ինքներս ենք պայքարում կոռուպցիայի դեմ` ի դեմս գործող կառավարության: Մեր շարքերում օլիգարխներ չեն եղել ու չկան, մենք ԵԺԿ անդամ ենք ու որ մենք Բրյուսել էինք գնում, դուք ո՞վ էիք ու ու՞ր էիք»:
Արա Բաբլոյանը նորից կանչում է քարտուղարության պետին ու հանձնարարում արագ պարզել` հո չի՞ սնանկացել Գագիկ Ծառուկյանը, բայց որովհետև նրա խոսափողը միացած էր, ստացվում է ելույթ: ՈՒ միանգամից ամբողջ խմբակցությունը վարման կարգով խոսք է ուզում:
Արա Բաբլոյանը շփոթված է: Դրությունը փրկում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Ասեմ, ուրեմն, ձեր ուզածին չեք հասնի, Գագիկ Ծառուկյանի փողերը ինչքան ռուսաստաններում են, էրկու էդքան էլ եվրոպաներում ու արաբների տակ, հեչ մի անհանգստացեք»: Կուսակիցների դեմքի արտահայտությունից հասկանալով, որ հերթական անհեթեթությունն է ասել` նա ձայնը տալիս է Վարդան Բոստանջյանին: «Լավ, մի հատ հիշենք, հա, թե ինչ հարց ենք քննարկում: Իբրև տնտեսագետ ասեմ, որ լավ հարց ենք քննարկում: Ճիշտ հարց ենք քննարկում ու որովհետև ճիշտ հարց ենք քննարկում, նաև ասեմ` ներդրումները ավելանալու են, եթե ճիշտ աշխատենք` այսինքն` կապը չկտրենք Մոսկվայի հետ: Դա շատ կարևոր է, բազմավեկտոր տնտեսությունը, ասեմ, ավելի ճիշտ է, քան էդ մի վեկտորը, որ մեկ կա, մեկ չկա»: Ընդմիջում:
Ընդմիջմանը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առանձին-առանձին խմբակցության նիստեր են անում: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության սենյակում հնչում է հեռախոսազանգ: Ասում են` Միքայել Մելքումյանին փոխանցեք մի ամիս դահլիճ չմտնի: ՀՅԴ-ն որոշում է հակահարված տալ «Ելքին»` հիշեցնելով, թե քանի հարյուր տարվա կուսակցություն է ու պատմություն չունեցող «Ելքը» չէ, որ պիտի իրենց կոալիցիայից հանի: Վահրամ Բաղդասարյանը հերթով հանձնարարում է ելույթ ունենալ նիստին ներկա 7 կուսակիցներին, նրանք տարբեր պատրվակներով հրաժարվում են, միայն Գալուստ Սահակյանն է ասում` լավ, ես կխոսեմ, մեկ է, ոչ ոք չի հասկանա` ինչ եմ ասում: Վահրամ Բաղդասարյանը երախտագետ ժպտում է ու վախով նայում հեռախոսին: Փառք Աստծո` զանգող չկա: Գալիս է Արփինե Հովհաննիսյանն ու ասում. «Զանգեց, մի խառնվեք իրար, ամեն ինչ նորմալ է: Մի քիչ համաձայնագրից խոսեք»: Ընդմիջումն ավարտվում է: Նիստը շարունակվում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Alea jacta est` վիճակը նետված է և այսօր Բրյուսելում կամ կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, կամ չի ստորագրվի, կամ կհետաձգվի: Հավատանք, որ կստորագրվի: Բայց Արևելյան գործընկերությունը այն կախարդական փայտիկը չէ, որ Հայաստանի ոչ մի վարչապետ չի ունենում: Արևելյան գործընկերությունը ԵՄ այն ծրագիրն է, որի նպատակն է խաղաղություն ու կայունություն ունենալ իր սահմաններին, ժողովրդավարություն ու տնտեսական զարգացման համաեվրոպական մակարդակ ապահովել: Ոչ մի համաձայնագրի ստորագրում (կամ հրաժարում) աշխարհի վերջը ու սկիզբը չէ: Գլխավորը գործն է, որ պիտի հաջորդի համաձայնագրին: Կեսարը Կեսար դարձավ, երբ Ռուբիկոնն անցնելուց հետո Հռոմ մտավ հաղթանակով: Ժամանակն ու տեղատվությունը ոչ մեկին չեն սպասում: Մակընթացության համար սեր է պետք ու անկախության տարածք: